Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

1.Մոսկվան արցունքներին չի հավատում՝ Լուկաշենկոյի դարաշրջանն ավարտվում է

1.Մոսկվան արցունքներին չի հավատում՝ Լուկաշենկոյի դարաշրջանն ավարտվում է
05.02.2017 | 16:15

Փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ասուլիսը, թեպետ, հավանաբար, համաշխարհային ռեկորդ սահմանեց տևողությամբ՝ 7 ժամ 20 րոպե, տխուր տպավորություն թողեց:


Առաջին՝ оնլայն ցուցադրությունը վկայեց, որ առաջին ժամուկեսը լսարանը ընդհանրապես մեռյալ էր: Լուկաշենկոն չէր կարողանում կապ հաստատել նրանց հետ, ովքեր համակարգի միս ու արյունն են, թեկուզ նույնիսկ «ընդդիմության մեջ»: Նույնիսկ մեկ տարի առաջ այդ մարդիկ նստած էին վառվող աչքերով ու կուլ էին տալիս առաջնորդի ամեն բառը՝ վախենալով տեսախցիկների առաջ մի վայրկյան թուլանալ՝ գիտեին, որ հետո ամեն ինչ քննարկվելու ու զեկուցվելու է տեսաապացույցներով: Այսօր դա առաջնորդի խոսքին խուլ ժողով էր, որ կոշտ, պարբերաբար անգամ քամահրանքով նայում էր առաջնորդին, որ փորձում էր կապ հաստատել նրանց հետ, ովքեր առաջ նույնիսկ վախենում էին հարևան սենյակում գիշերվա շրշյունից: Վերջին մամլո ասուլիսը համոզիչ ցույց տվեց, որ էլիտան «կերավ» և բելառուս առաջնորդին: Կարելի է նստեցնել 10 ու անգամ 100 պաշտոնյա, բայց 1000-ին չես նստեցնի: Կարելի է կերակրել երամը, բաց վաղ թե ուշ երամն ազատություն է ուզում: ՈՒ դա ակնհայտ է՝ բելառուս էլիտայի աշխատավարձը ամենացածրն է ամբողջ Եվրոպայում ու ծիծաղելի է ռուսական չափանիշներով: Լուկաշենկոն մնացել է մենակ՝ իբրև մարդ ու պետության ղեկավար: Էլիտան արդեն նրանը չէ: Բոլորովին նրանը չէ: Այդ մարդիկ միայն կնստեն մինչև վերջ ու կսպասեն, երբ ամեն ինչ կվերջանա, որ հետո նոր իշխանության աղմուկի մեջ վատնեն խորհրդային Բելոռուսիայի ժառանգությունը:

Նրանք արդեն ամեն ինչ պայմանավորվել են: ՈՒժայիններն էլ չեն օգնի: Այդ պատճառով էլ վերջին մամլո ասուլիսը Լուկաշենկոյի անձնական մեծ պարտությունն էր և իբրև մարդ, և իբրև նախագահ: Այլապես ինչո՞ւ 7 ժամ ներկաներին համոզել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերահսկվում է և հաղորդել բացարձակապես երկրորդական ու անկարևոր մանրամասներ նրանց, որ առանց այդ էլ հիանալի գիտեն, մինչդեռ գլխավոր հարցերը մնացին անպատասխան: Բարձրագույն իշխանության հիպերինֆլյացիան ակնառու է:


Հետո Լուկաշենկոն պարբերաբար կապ էր հաստատում լսարանի հետ, բայց կարճ ժամանակով, հիմնականում սկանդալային առիթներով՝ ՆԳՆ-ին հրամանը՝ ձերբակալել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտին կամ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը ստորագրելուց հրաժարվելը, կարծես դա ինչ-որ մեկին դեռ պետք է, բացի Բելառուսից: Մյուսները ստորագրել են ու առանց Մինսկի ստորագրության էլ փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2017-ի հուլիսի 1-ից: Ինչո՞ւ էր կապը հաստատվում: Շատ պարզ՝ ներկաները հաշվում էին ազդանշանները, որ համոզում էին՝ Աքելայի վերջն է: Տեղ հասանք: Հետո նորից սկսվում էր էմոցիոնալ նիրհը: Նրանք հուզականորեն արդեն պատնեշվել են առաջնորդից, ու դա լավ երևում է: Այդ պատճառով էլ Լուկաշենկոն այդքան երկար խոսում էր՝ ենթագիտակցորեն նա շատ լավ զգում էր կապը կորցնելը ու փորձում էր վերականգնել ու, ինչպես սովոր է, բոլորին համակել և ամրացնել իր գերիշխանությունը: Բայց անընդհատ խզվում էր: Բոլորը հոգնել էին, իսկ կապ այդպես էլ չհաստատվեց: Բնավ պատահական չէր, որ Բելառուսի նախագահը հավարտ հայտարարեց. «Ես հեռացող մարդ եմ: Ինձ երկար չի մնացել»: Իմաստուն չպիտի լինես, որ հասկանաս՝ էլիտայի դեգերումները շատ են ակտիվանալու այլևս: ՈՒ ուժայիններն ի՞նչ: Կակտիվանա՞ն: Որ ի՞նչ: Ռուսաստանում նրանք կարողացան իբրև դաս հասկանալ իրենց նպատակները և երկիրը անդունդից դուրս բերել, իսկ Բելառուսում՝ ոչ և նորից ոչ:


Երկրորդ՝ թեպետ ասուլիսում բազում էին թեմաները, ոչ մեկը լսարանին չհուզեց, իրականում պրոբլեմ չկար՝ դասական կենցաղայնություն, որ լիքն է ամեն պետության կյանքում, որի հետ ներկա պաշտոնյաներն ու լրագրողները ամեն օր բախվում են: Այդ ամենը նրանց պարզապես հետաքրքիր չէր: Հրատապ միայն մեկ թեմա կար՝ Ռուսաստանը և բելառուսառուսական հարաբերությունները: Սկզբունքորեն կարելի էր սահմանափակվել միայն այդ թեմայով մի 40 րոպե ու ցրվել: Ի՞նչ լսեցինք մենք: Լսեցինք նույն դրույթները՝ Բելառուսին ճնշում են, խաբում են, և այլն, և այդպես: Բելառուսական ընդդիմադիր մամուլն աշխուժացավ՝ լսելով «նվիրականը»՝ «ինքնիշխանությունը նավթից թանկ է»: Ինչպես փոքր երեխաներ, որոնց ծնողները դեռ գդալով են կերակրում: Բելառուսի ինքնիշխանությունը միայն գաղափար է: Գաղափարով փոր չես կշտացնի: Ներկա և ապագա հնարավոր ցանկացած իշխանություն Բելառուսում կա այնքան ժամանակ, քանի կա ռուսական նավթը: Նավթ չի լինի, չեն լինի բելառուսական տնտեսությունը և աշխատավարձերը, ու մարդիկ կսրբեն ցանկացած իշխանություն:
Այդ պատանեկան ինֆանտիլիզմը, որ սահմանակցում է դեռահասային ապուշության հետ, յուրաքանչյուր հասուն տղամարդ կարող է ստուգել անձամբ՝ գնալ տուն ու ասել կնոջը, որ հիմա իրենք՝ կինն ու երեխաները, ապրելու են ոչ թե աշխատավարձով, այլ իր գաղափարներով՝ ափսեների, ապրիորիների ու տրանսցենդենտալի մասին: Հինգ րոպե կհերիքի յուրաքանչյուր գրագետ կնոջ, որ ամուսնուն բացատրի իրերի իրական վիճակը ոչ միայն անձնական ու աշխատանքային հարաբերություններում, այլև ամբողջ Տիեզերքում:


Կային նույնիսկ նոր «հետաքրքիր գաղափարներ»՝ ձերբակալել ռուս պաշտոնյաներին՝ մասնավորապես Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտին: Դանկվերտը լսեց ու հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչպես հիմա կարող են զարգանալ բելառուսառուսական հարաբերությունները, եթե յուրաքանչյուր ռուս պաշտոնյայի Բելառուսում կարող են ձերբակալել: Ի պատասխան Ռոսսելխոզնադզորը որոշում ընդունեց փետրվարի 6-ից կրճատել մսի մատակարարումները Մինսկի շրջանի բոլոր մսավերամշակող ձեռնարկություններից: Միանգամայն տրամաբանական որոշում: Ռուսաստանի մարտավարությունը հասկանալի է՝ ամեն վիրավորանքի, կոպտության, անտակտության դիմաց պատժել ռուբլով: Նույն իրավիճակն է նավթի գծով: Լուկաշենկոն ինքն ասաց, որ Ռուսաստանը քննարկում է հանրապետություն նավթի մատակարարումների կրճատումը մինչև 12 միլիոն տոննա: Միանգամայն տրամաբանական որոշում: Մինսկը չի կատարում դաշնակցային պարտավորությունները ոչ տնտեսական (պատժամիջոցային ապրանքների մաքսանենգություն), ոչ քաղաքական հարթության մեջ (Հարավային Օսիայի ու Աբխազիայի, Ղրիմի վերամիավորման չճանաչումը), փորձում է արգելակել եվրասիական կարևորագույն փաստաթղթերի ստորագրումը, Ռուսաստանի թիկունքում խաղեր է տալիս Բաքվի, Վարշավայի, Վաշինգտոնի հետ ու պահանջում է միակողմանի տնտեսական զիջումներ Մոսկվայից: Այդպես չի լինում: Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի մատակարարումների կրճատումը մինչև 12 միլիոն տոննա: 2016-ին Մոզիրի նավթավերամշակման գործարանում նավթի վերամշակումը 2015-ի համեմատությամբ, երբ հանրապետություն էր մատակարարվում 24 միլիոն տոննա, կրճատվել է 20 % և կազմել 10 միլիոն տոննա։ Եթե մատակարարումները կրճատվեն մինչև 12 միլիոն տոննա, Մոզիրում կվերամշակվի ընդամենը 6 միլիոն տոննա: Դա դեռ չի նշանակում, որ գործարանը շահութաբերության սահմանագծին է: Հարցն այլ է՝ նավթամթերքները բելառուսական արտահանման հիմքն են՝ 40−45 % և հիմնականում գնում են Արևմուտք, որտեղից հանրապետություն է մտնում տարադրամ: Նավթ չի լինի, արտահանումը կնվազի, տարադրամ չլինի, կնվազեն աշխատավարձերը և ամբողջ սոցիալական ոլորտը գրողի ծոցը կգնա: Անգամ ԱՄՀ-ի 3 միլիարդ դոլարը չի օգնի: Լավ, մի անգամ վարկը կտան, ու՝ վերջ, հո ամեն տարի չեն վարկավորի բելառուսական տնտեսությունը 3 միլիարդ դոլարով: Իսկ հաշվարկը դրա վրա է: Առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին ասում է, որ ԱՄՀ-ի հետ բանակցություններում մնացել է երկու հարց՝ «Առաջին հարցը բնակկոմունալ տնտեսության ծախսերի փոխհատուցման մակարդակն է: Սկզբունքորեն մենք գտել ենք բոլոր հանգուցալուծումները և այդ նախագծի մի մասն արդեն փորձարկել ենք: Երկրորդ հարցը՝ պետական ձեռնարկությունների կառավարման արդյունավետության բարձրացման մարտավարությունն է:

Սկզբունքորեն՝ այստեղ ևս բոլոր հանգուցալուծումները գտել ենք, այդ պատճառով՝ այստեղ էլ խնդիրներ չեն լինի»: Նրա խոսքով՝ հիմնականում այդ հարցերը գտնվում են «բարձրագույն աստիճանի պատրաստվածության ու մշակման փուլում». «Մնում է, Ալեքսանդր Գրիգորևիչ, կայացնել քաղաքական որոշում ու մտնել ծրագրի մեջ»: Լուկաշենկոն ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ տարաձայնություններ նշված հարցերում գործնականում չկան. «Միակ տարակարծությունը բնակկոմունալ տնտեսության ծառայությունների փոխհատուցման հարցում է՝ նրանք պահանջել են 2017-ին կամ 2018-ին 100 % վճարում: Վաղ թե ուշ մենք դրան կգանք: Ես խնդրեցի, որ նրանք մեր դրության մեջ մտնեն, որ մեզ մոտ հիմա այնպիսի իրավիճակ է, որ չենք կարող բնակչությանը պարտադրել 100 %-ով վճարել, որ դա ժամանակի մեջ երկարացվի: Այդ պատճառով մենք կպայմանավորվենք»: Այսինքն՝ Բելառուսի իշխանությունը Մոսկվային շանտաժում է, որ կհրաժարվի ռուսական նավթից ու պատրաստ է ստանալ ԱՄՀ-ի վարկը: Մոսկվայում ոչ ոք չի առարկի բելառուսական անկախության ապահովման այդ տարբերակի դեմ: Նավթի հարցով Ռուսաստանի դեմ հայցը, որ նշեց Լուկաշենկոն, ընդհանրապես երգ է՝ ինչպես ԱՄՆ-ում բանկը դատի տար դաշնային պահուստային համակարգին: Մեղվապահներն ասում են՝ նախաձեռնություն՝ մեղուն մեղրի դեմ:
Յուրի ԲԱՐԱՆՉԻԿ, REGNUM


Հ.Գ. Շարունակություն էլ կա՝ վաղը: Բայց ինչ փառահեղ ցինիզմ է՝ երկկողմանի: Թերևս արդեն հարց չէ՝ ասուլիսի նախորդ օրը ինչո՞ւ էր REGNUM-ը հայտարարում, որ Լուկաշենկոն դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Դաշնային պետություն այլևս չկա, ռուս-բելառուսական հարաբերությունները գնում են «եղբայրական ՈՒկրաինայի» ճանապարհով: Դժվար է ասել՝ սկիզբը որտե՞ղ էր, բայց արդեն այնքան է խորացել, որ հետդարձը չի ստացվում: Իհարկե, Բելառուսի նախագահը հրեշտակ չէ, հրեշտակներ Մոսկվայում էլ չկան: Բայց անկախ պետության մասին գրել՝ «Բելառուսի ինքնիշխանությունը միայն գաղափար է: Գաղափարով փոր չես կշտացնի: Ներկա և ապագա հնարավոր ցանկացած իշխանություն Բելառուսում կա այնքան ժամանակ, քանի կա ռուսական նավթը: Նավթ չի լինի, չեն լինի բելառուսական տնտեսությունը և աշխատավարձերը, ու մարդիկ կսրբեն ցանկացած իշխանություն», ցինիզմի գագաթնակետն է, թակարդն ընկած ցինիկի: Փաստորեն Մոսկվան չարախնդում է, որ Արևմուտքը չի պահելու Բելառուսին, ու վերադառնալու է իր դուռը: Վերադարձի գինն էլ ասում է՝ կատարել դաշնակցային պարտավորությունները՝ տնտեսական, քաղաքական հարթության մեջ (Հարավային Օսիայի ու Աբխազիայի, Ղրիմի վերամիավորման ճանաչումը), չարգելակել եվրասիական կարևորագույն փաստաթղթերի ստորագրումը, Ռուսաստանի թիկունքում խաղեր չտալ Բաքվի, Վարշավայի, Վաշինգտոնի հետ ու չպահանջել միակողմանի տնտեսական զիջումներ Մոսկվայից:

Արևմուտքն էլ պահանջում է անկախություն: Ստացվել է պատային վիճակ, որից Բատկան կարող է և դուրս չգալ՝ ինքնիշխանությունը գին է պահանջում, իսկ Բելառուսը պարտավոր է հաղթահարել ճգնաժամը ու կամ անկախանալ, կամ՝ միանալ Ռուսաստանին ու հրաժեշտ տալ անկախությանը, որին արժանի չեղավ:
Սա դաս է բոլորիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ